Աշխարհի խոշոր բարձրադիր լճերից մեկը Հայոց աշխարհի կապտաչյա գեղեցկուհին` Սևանն է, որ հնում կոչվել է նաև Գեղամա ծովակ` Գեղամա լեռների բարձրադիր գրկում գտնվելու համար: Այն ծովի մակարդակից մոտավորապես 1800-2000 մետր բարձրության վրա է , գտնվում է  Գեղարքունիքի մարզում: Սևանա լիճն ունի քաղցրահամ ջուր, այն բաղկացած է երկու մասին՝ մեծ Սևան և փոքր Սևան: Լիճն օրվա ընթացքում անընդհատ փոխում էր գույնը` շողալով թանկարժեք ադամանդի բազմագույն երանգներով: Այն հատվածներում,որտեղ կապտականաչը ավելի մուգ երանգով է , այդ հատվածում ավելի խորն է:

Ասում են` մի քանի կրոնավորներ Վանից գալիս են այստեղ և լճի մեջ տեսնելով գեղեցիկ կղզին և հոգեպարար լռությունը` բացականչում են. «Սա է Վան»: Այսինքն` մեզ համար լավ բնակվելու տեղ է: Այդպես են կղզին և լիճը ստացել Սևան անունը:

Իսկ մեկ ուրիշ զրույց պատմում է, որ շատ հին ժամանակներում չքնաղ ու կապուտաչ մի գեղագանգուր ու քաջ հսկա էր ապրում: Նա առավոտյան վաղ արթնանում էր, վերցնում էր իր մեծ նիզակն ու մտնում լիճը: Նա քաջ լողորդ էր և օրվա մեծ մասն անց էր կացնում լճի ջրի մեջ: Այդ հսկան` Սևանը, հսկում էր ամենուր և անսպասելի հայտնվում էր այն ափերում, որտեղ թշնամի էր երևում: Եվ նրա անվրեպ նիզակն անմիջապես վնասազերծում էր թշնամուն, որը կա՛մ խեղդվում էր լճում, կա՛մ էլ մազապուրծ փախչում էր: Հենց այս հայկազուն հսկայի անունով էլ լիճը կոչվեց «Սևան»: