արարատի մարզ

Մարզկենտրոնն Արտաշատ քաղաքն է։ Տարածքը 2096 կմ² է։

Արարատի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիային։

Հյուսիսում Երանոսի լեռնաշղթան է։ Հյուսիսային սահմանն անցնում է Ազատ և դրա վտակ Գողթ գետերով։ Հյուսիս-արևելքում Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան հատվածն է։ Արևելքում Մժկատարի լեռներն են, որից արևմուտք ընկած է Դահնակի լեռնաշղթան, սրանից էլ հարավ գտնվում է Ուրծի լեռնաշղթան։ Մարզի կենտրոնում Երասխի լեռներն են, Կոտուց, Խոսրովասար լեռնագագաթները և այլ լեռնազանգվածներ։

Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ՝ 801 մ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվող Սպիտակասար լեռնագագաթն է՝ 3555,7 մ։

Տարածքի միայն մոտ 30%-ն է հարթավայրային։

Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Համեմատաբար փոքր գետերից են Արածոն, Չորասու հեղեղատարը, Ազատի ու Վեդիի վտակները՝ Քաջառուն (Դարբանդ), Խոսրովը, և այլն։ Արարատի մարզի գետերը պատկանում են Արաքսի ավազանին: Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ազատի վրա Լանջազատ գյուղի մոտ կառուցված է Զովաշենի ջրամբարը և համանուն ՀԷԿ-ը։

Արարատի մարզում տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր և բարձր լեռնային շրջանների միջև տատանվում է +10 °C-ի և -2 °C-ի միջև։Ցածրադիր շրջաններում դիտված բացարձակ առավելագույն և նվազագույն ջերմաստիճաններն են -33 °C և +42 °C, ընդ որում վերջինս Հայկական լեռնաշխարհում դիտարկված բացարձակ առավելագույն ջերմաստիճանն է և այն գրանցվել է Արարատյան հարթավայրի հարավ-արևելքում։ Ընդհանուր առմամբ Արարատի մարզն աչքի է ընկնում կլիմայի չորությամբ։

Արարատի մարզը տնտեսապես Հայաստանի ամենազարգացած մարզերից է, հատկապես կարևոր է մարզի գյուղատնտեսական նշանակությունը։ Ունենալով Արարատյան դաշտի մի մեծ հատված՝ մարզը տալիս է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը։ Առավել զարգացած է երկրագործությունը։ Հիմնական պտղատու այգիներն են խաղողի, ծիրանի, դեղձի այգիները, մշակվում են նաև կեռաս, սալոր, խնձոր, տանձ և այլն։

Մարզը նաև ալկոհոլային խմիչքների արտադրության առանցքային կենտրոններից է։ Հիմնական արտադրատեսակներն են կոնյակ, գինի, օղի։ Զբոսաշրջային խոշոր կենտրոն է Խոր Վիրապի վանական համալիրը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով